Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«ՈՒնենք ձուլվող մեծ սփյուռք ու լեզուն մոռացող սերունդներ»

«ՈՒնենք ձուլվող մեծ սփյուռք  ու լեզուն մոռացող սերունդներ»
21.02.2017 | 12:22

Լույս է տեսել ռուսաստանաբնակ բանաստեղծ ԿԱՐԵՆ ՄԱՐԴԱՆՅԱՆԻ (ԳԱՐՄԱՐ) բանաստեղծական անդրանիկ ժողովածուն: Գիրքը վերնագրված է «Բանաստեղծություններ»:
«Ազատություն», «Վրեժը», «Ես նա եմ գուցե», «Հայրենահոտ աղջկան», «Աներկինք եմ» և այլ գործերում հեղինակն ընդգծում է երիտասարդի զգացողությունն ու դիրքորոշումը նոր ժամանակների մի շարք խնդիրների հանդեպ: Մեզ հետ զրույցում Կարեն Մարդանյանն ասաց, որ մեծ ուրախությամբ գիրքը նվիրում է այն մարդկանց, ովքեր գիտեն մայրենի լեզուն. «Ազգությամբ հայ դեռահասներն ու երեխաները հայերեն չեն խոսում Ռուսաստանում, չեն տիրապետում լեզվին: Սա ինձ համար մեծ ցավ է. ախր մենք ուժեղ ենք միասին, ուժեղ ենք նույն լեզվի տանիքի ներքո: Մեր արթունները քիչ են, բայց նրանք են կորիզը, որից մի օր ծիլ կտա մեր կենաց ծառը: Հավատս մեծ է, քանի որ տեսել եմ հայրենիք շտապող երիտասարդների աչքերի փայլը. նրանք գալիս էին երկիրը պաշտպանելու։ Մի՞թե սա չէ այն ապացույցը, որ մենք կանք, ու հայը արթուն է»:


Սպանե՛ք մեզ, երբ քնած
կլինենք,
Որովհետև դուք չեք կարող
մեզ սպանել,
Երբ արթուն ենք:


Թշնամուն բնորոշող այս տողերը մեկ այլ հարց են առաջ բերում` արդյո՞ք արթուն ենք այսօր մեր քայլերում, մեր պատմությունը կերտելիս:
«Մենք, ցավոք, ազգովին կիսարթուն ենք, սակայն քնած էլ չի կարելի համարել մեզ, քանի որ մեզանում կան արթուններ, ովքեր արթուն են մնում, երբ շատերն են ընկնում անհատական շահի հետևից: Մեր առջև հազար պատեր են շարում, մենք ինքներս ենք նաև հաճախ, չհավատալով մեր ուժերին, արհեստական պատեր շարում ու միմյանց փնտրում աշխարհից աշխարհ»,- ասաց Կարեն Մարդանյանը, նշելով, որ վտանգները շատ են, ունենք ձուլվող մեծ սփյուռք ու լեզուն մոռացող սերունդներ, ունենք աղքատ տնտեսությամբ ու պատերազմող հարևաններով շրջապատված Հայաստան:


Երիտասարդ բանաստեղծի կարծիքով` օրհասի ժամին միասնանալու սովորությունը պետք է փոխենք ու միասնանանք նաև խաղաղ ու տոնական օրերին: Նրա պատկերացրած հայը ուժեղ, գիտելիքներով զինված հայն է, ով եթե սփյուռքում է ապրում, հազար թելով կապված է հայրենիքի հետ, թե հայրենիքում է ապրում, զինված է ոչ միայն գիտելիքներով, այլև դեռ մանկուց զենք է գործածում ու հոգեբանորեն պատրաստ է պարտության մատնելու յուրաքանչյուր թշնամու, ով կխախտի երկրի սահմանը: «Մեր թշնամին ազգություն չպիտի ունենա, մենք չպիտի ընկալենք նրան որպես ինչ-որ էթնոսի ներկայացուցիչ, այլ ուղղակի վտանգ, որը պետք է չեզոքացնել ու ամեն վայրկյան պատրաստ լինել պատերազմի: Շատ աշխատանք կա անելու, բայց խնդիրների խնդիրը տնտեսությունը վերականգնելու դանդաղ քայլերն են: Ես դեմ եմ այն իշխանությանը, որն ամեն ջանք չի գործադրում, որ վերականգնի երկրի տնտեսությունը։ Ես նաև դեմ եմ այն ընդդիմադիրներին, ովքեր ամեն օր դրոշ են ծածանում և, չունենալով ազգային գաղափար, միայն մի երգ են երգում` փոխել իշխանությունը: Մտքի, արարման ու ստեղծման հեղափոխություն է անհրաժեշտ: Հայաստանը կարող է շտկել մեջքը։ Ես հավատում եմ այն մարդկանց, ովքեր մի օր կգան ու, զուտ ազգային շահերից ելնելով, կգործեն: Չեն դառնա խամաճիկ, չեն ընկրկի, կլինեն ուժեղ ու կամային»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ